«Թող ոչ ոք չկասկածի, որ ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից»՝ ասել է նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղը ճանաչելու օրենքի նախագիծը կառավարության նիստի օրակարգում ներառելու շուրջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության և այլ պաշտոնյաների հայտարարություններին: «Ավաղ, Ադրբեջանում այնքան երկար են ապրել բռնապետության ներքո, որ արդեն անգամ իշխանության ամենաբարձր օղակներում են մոռացել, որ այլ երկրներում սովորաբար լինում են նաև բանտերից դուրս գտնվող մարդիկ, ովքեր ընդդիմադիր են, այլ երկրներում բանտերից դուրս գտնվող ընդդիմադիրները, պատկերացնո՞ւմ եք, իրավունք ունեն օրենսդրական նախաձեռնություններ առաջ քաշել և այլ երկրներում, օ՜ զարմանք, կառավարությունները պարտավոր են իրենց նիստերի օրակարգում ներառել ընդդիմադիրների նախաձեռնությունները և քննարկել»,- ասել է Հակոբյանը։ Նա նշել է, որ Հայաստանում հետևում են «Ադրբեջանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների զառանցանք-հայտարարությունների շքերթին, որ, զարմանքից բացի, միայն զվարճանք կարող են առաջացնել»: «Տպավորություն է, թե Ադրբեջանում անգամ ժողովրդավարության մասին գրքերն են վերացել, որոնք կարելի է կարդալ ու տեղեկանալ»,- ասել է Հակոբյանը:
Կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված է ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Տեղեկատվությանը արձագանքելով՝ Բաքուն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմամբ Երևանը վերջ կդնի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործընթացին, և ՄԽ համանախագահներն ու միջազգային հանրությունը պետք է «համարժեք պատասխանեն նման սադրիչ գործողություններին»։